Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է. պաշտպան

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Մելքոնյանը։

«Վերաքննիչ բողոք ներկայացնելու ենք, բայց եթե էլի պատճառաբանեն, որ համակարգիչները չեն աշխատում, ու ձեռքով են մակագրելու, ապա բողոքը կդառնա անիմաստ։ Մնացական Մարտիրոսյանը Մենուա Հովսեփյանին ուղարկեց «Արմավիր» ՔԿՀ»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհի Արմինե Չոպչունցին, ապա Հովսեփյանի պաշտպանն ասաց, որ տեղյակ է, որ նա չի կալանավորվել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել էին երեկ։