ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արման Թաթոյանը հրապարակել է Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները հավաստող տեսանյութ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները հավաստող տեսանյութ։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա ադրբեջանական հանցավոր կրակոցները` նկատի ունենալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը (http://interfax.az/view/842493): 

Մարդու իրավունքների պաշտպանն այդ կրակոցների փաստը հաստատող տեսանյութ է հրապարակել Կութ գյուղից: 

Հիշեցնենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ երեկոյան հայտարարել էր, որ ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: 

Իսկ մինչ այդ էլ՝ ըստ Արման Թաթոյանի, ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում էին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում էին նաև Նորաբակ գյուղի վրա: 

ՄԻՊ-ը գրել էր, որ կրակոցներն ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել: 
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը: