«Դաշտում եղածն այլեւս պիտանի չէ». Լուսակունքում ու Ծովակում կարկուտն ավիրել է բերքի 100 տոկոսը

Լուսակունքում ու Ծովակում օգոստոսի 14-ի եկած կարկուտն ավիրել է բերքի 100 տոկոսը։

 NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 16-ին, Լուսակունքի համայնքապետ Խաչիկ Խաչատրյանն ասաց, որ հիմնականում ավիրվել են մշակաբույսերը։

«Ցորենն ու գարին են ամենաշատն ավիրվել։ Ինչն էլ կար արդեն ենթակա չէ քաղելու։ Կարտոֆիլից միայն ցողերն են մնացել։ Բնականաբար նաեւ այգիներն են վնասվել»,- պատմեց Խաչատրյանը։

Նա ասաց, որ դաշտերում կարկուտը մոտ մեկ ժամ է տեղացել. «Տեղ կար մեկ ժամ տեղացել է, տեղ էլ կար՝ կես ժամ։ Դաշտում եղածն այլեւս պիտանի չէ։ Մինչեւ կարկուտը ով քաղել է, փրկել է իր բերքը»։

Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին էլ շարունակվում են գյուղացիներից դիմումներ ընդունել։

«Ըստ բնակիչների դիմումների՝ վնասը հասնում է մոտ 130 հա։ Բավականին շատ է վնաս եղել։ Կարտոֆիլից վնասը 95 տոկոս է, 5 տոկոս մշակաբույսերն են»,- պատմեց համայնքապետը։