Չարչյանի լիազորությունները որպես «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն դադարեցված են․ Հրապարակ

Նախօրեին «Հայաստան» դաշինքի անդամ, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանը դուրս եկավ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից․ դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, 15 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել է պրոֆեսորի խափանման միջոց կալանավորումը։ 

 

Հրապարակը փորձել է կապ հաստատել Չարչյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անջատված է եղել։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրատվակայքի հետ զրույցում ասել է, որ Չարչյանի լիազորությունները` որպես բժշկական կենտրոնի տնօրենի, դադարեցված են, քանի որ քննություն է կատարվում։ Բացի դրանից, Չարչյանը «Հայաստան» դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի մանդատ է վերցնելու, և համատեղել հնարավոր չէ։

«Արմեն Չարչյանն ասում էր, որ այսքան մարդկանց կարող էի բուժել, բայց պետությունը խոչընդոտել է դրան։ Բայց քանի որ մեղադրանքի կողմը կարծում է, որ բժշկական կենտրոնում կարող է խոչընդոտել գործի քննությանը, մենք չենք ցանկանում օգտվել այդ կարգավիճակից»,-նշեց փաստաբանը։

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից էլ փոխանցեցին, որ պարոն Չարչյանի գալու-չգալու վերաբերյալ տեղեկություն չունեն։

 

Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի՝ Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի՝ դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել իր աշխատակիցների նկատմամբ։

 

Քաղաքականություն