Այսօր պատվաստումների հետ կապված ահազանգ եմ ստացել, պոլիկլինիկաներում չեն պահպանվում կանոնները. Փաշինյանը՝ Ավանեսյանին

Այսօր կառավարության նիստի ընթացքում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը Հայաստանում վերջին օրերին աճել է: 

«Դա մեզ ևս մեկ անգամ զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնենք պատվաստումների գործընթացը արագացնելու վրա»,– նշեց նա: 


Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ Հայաստանում արդեն կատարվել է 97711 պատվաստում, որից 5416–ը կատարվել է երեկ։ «Սա բավական լավ ցուցանիշ է, և մենք այս տեմպը պետք է պահպանենք։ Եթե 2-3 շաբաթ առաջ մենք մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա այսօր արդեն նկատելի է աճի տեմպը»,– նկատեց նախարարի պաշտոնակատարը: 

Անահիտ Ավանեսյանը ևս մեկ անգամ հիշերեց՝ ՀՀ-ում պատվաստվելն անվճար է, և յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում, թե որ պատվաստանյութով է ցանկանում պատվաստվել: 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին կարևորեց, որ օրական 5000 պավաստման ցուցանիշն այլևս չնվազի և առնվազն մնա նույն մակարդակին. «Մավանդ որ ակնհայտ է, որ և՛ Հայաստանում, և ՛ ամբողջ աշխարհում պատվաստումների հետ կապված վստահությունը մեծանում է: Մեր դռնփակ քննարկումներից մեկի ժամանակ Տիգրան Ավինյանը մի շատ լավ միտք է արտահայտել: Մենք Հայաստանում պատվաստման դեպքերից չունենք որևէ բարդություն, որը կարող էր դառնալ քննարկման առարկա: Մենք չունենք ոչ մի մահվան դեպք՝ կապված պատվաստման հետ»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը: 

Անդրադառնալով Հայաստանում արտասահմանցիների պատվաստումների գործընթացին,  առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ շատ է այն արտասահմանցիների թիվը, որոնք գալիս և պատրաստվում են ՀՀ-ում և հերթեր չգոյացնելու համար իրենք նոր կարգ են մշակել: «Նոր որոշում է կայացվել, որ այսուհետ պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ արտասահմանցիների պատվաստումները կիրականացնեն միայն շրջիկ կետերում»,-տեղեկացրեց Ավանեսյանը: 

Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ այսօր ահազանգ է ստացել պատվաստումների հետ կապված. 

«Պոլիկլինիկաներում հերթեր են, սոցիալական հեռավորությունը չի պահվում: Դրան պետք է ուշադրություն դարձնել: Շատ ցավալի կլինի պատվաստումների շուրջ  աժիոտաժի ֆոնին մենք ունենք վարակի տեմպերի աճ՝ միայն նրա համար, որ բժշկական հաստատություններում չեն պահվում հակահամաճարակային կանոնները»,-եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը: