
Գնում ենք հետազոտությունների ասում են՝ նյութերը չկան և հնարավոր չէ կատարել․ զինվորի ծնողի բաց նամակը՝ համակարգի թերությունների մասին

Զինվորի ծնողը բաց նամակ է գրել՝ համակարգի թերությունների մասին։
«Ես որպես զինվորի ծնող, զինվոր, որ առաջին օրվանից 44 օր անընդմեջ մասնակցել է դաժան պատերազմին, այցելել եմ Մուրացանի հոսպիտալ: Ընդունարանի խայտառակ հերթերի պայմաններում հասնում եմ ինչ որ բժշկի, ով առանց գրանցելու ինձ «ցրում են» քաղաքային պոլիկլինիկա: Առանց մի ավելորդ բան ասելու ես հեռանում եմ հոսպիտալից:
Այցելում եմ պոլիկլինիկա, որոշ հետազոտություններ են անում և տալիս հետազոտությունների ցանկ, որոնք պոլիկլինիկայում չեն անում, սակայն կարևոր են ախտորոշման համար:
Երկուշաբթի չկերած-չխմած նորից այցելում եմ Մուրացանի հոսպիտալ: Լաբորատորիայում նայում են հետազոտությունների ցուցակը և ասում, որ դրանց նյութերը չկան և հնարավոր չէ կատարել: Ի դեպ նույն վիճակին հանդիպել էին տասնյակ ծնողներ, որոնց մեջ կար նաև զոհվածի մայր:
Մի բան չեմ հասկանում ինչ է նշանակում նյութեր չկան: Բա ինչ է անում պաշտպանության նախարարությունը տարեկան միլիարդավոր դրամ գումարները, եթե հոսպիտալում լաբորատորիայի նյութեր չկան: Ուրեմն թող «սև ջիպեր» չքշեն և զինծառայողի առողջության մասին մտածեն: Իսկ եթե գումարներ կան ապա մարդիկ են մեղավոր, որոնց անգործությունը հանցավոր վիճակ է ստեղծել:
Անկախ ամեն ինչից պետական համակարգը թքած ունի քաղաքացու վրա: Կասկած չունեմ, որ նույն վիճակով էլ սպասարկվում են մեր զինվոր որդիները:
Ուզում եմ պետական համակարգի ղեկավարներին՝ վարչապետին, պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին, անվտանգության խորհրդի նախագահին լսելի դարձնել այս խայտառակ վիճակը՝ միջոցներ ձեռք առնելու համար»: