Շենգավիթում կատարված սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է

Մայիսի 25-ի երեկոյան «Շենգավիթ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի Բագրատունյաց փողոցի 27-ամյա մի բնակիչ:Ախտորոշվել էր հրազենային թափանցող վնասվածք։

 

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ժամը 19.30-ին այդ մասին հաղորդում է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժնում։ Երիտասարդը բուժհաստատություն էր տեղափոխվել Բագրատունյաց փողոցից։ Հիվանդանոց ու դեպքի վայր են մեկնել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, այդ թվում՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։

Բագրատունյաց փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բակում հայտնաբերվել է տուժողի «ԲՄՎ»-ն։ Մեքենայի վրա կրակոցի հետքեր կային։ Դեպքի վայր են գնացել նաև քննչական խմբեր ու փորձաքրեագետներ, որոնք զննել են տարածքը։

Կրակված պարկուճներ չեն հայտնաբերվել։

 

Նշվում է, որ վարկած է առաջ քաշվել, որ ինչ-որ մեքենայի սրահից էին կրակել տուժողի մեքենայի ուղղությամբ։ Առաջ քաշված վարկածը հետագայում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հաստատվել է։

 

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց պարզվել է կասկածվողի ինքնությունը։ Երևանում բնակվող 40-ամյա տղամարդուն հայտնաբերելու միջոցառումներ են սկսվել։

Հունիսի 5-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հայտնաբերման միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք է տարվել: Հունիսի 21-ին հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։