Տիգրան Ավինյանի գրասենյակը հաստատում է՝ ԱԳՆ-ի պաշտոնյաների հետ հանդիպել է, բայց պահանջել է հերքել մանրամասները

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակն արձագանքել է հունիսի 8-ի մամուլում տարածված հրապարակմանը՝ ԱԳՆ վարչության պետերի հետ հանդիպման մասին՝ հաստատելով, որ նման հանդիպում եղել է, սակայն պահանջում են հերքել հանդիպման բովանդակության մասին տեղեկությունները։


Այսպես՝ հունիսի 8-ին «Փաստինֆո»-ն գրել էր, որ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ԱԳՆ վարչության պետերին հավաքել է ու փորձել համոզել, որ բունտ չանեն, թե, իբր, Նիկոլ Փաշինյանը ոչնչում մեղավոր չէ՝ ամբողջ պատասխանատվությունը բարդելով Ռուսաստանի վրա։

 

Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ավինյանը նշել է, թե, իբր, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի խնդիրն առաջ են մղում ռուսները ու փորձել պաշտոններով կաշառել վարչության պետերին՝ առաջարկելով նրանց շարքերից ընտրել փոխնախարարներ, ապա՝ նաեւ նախարար։ Սակայն ԱԳՆ պաշտոնյաները մնացել են անդրդվելի. նրանք հայտարարել են, որ ունեն դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ու շատ լավ գիտեն, որ այդ գաղափարը ռուսների մոտից չի ծագել եւ որ իրենցից որեւէ մեկը պատրաստ չէ մտնել դելիմիտացիայի ու դեմարկացիայի ապօրինի գործընթացի տակ, որ որեւէ մեկը չի պատրաստվում կաշառվել փոխնախարարի կամ նախարարի պաշտոնով, որ հետո ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ պետական դավաճանության համար։

 

ՀՀ փոխվարչապետի գրասենյակից ստացվել է պատասխան, որով պահանջում են հերքում հրապարակելով՝ հաստատելով, որ իսկապես նման հանդիպում եղել է։


Հարգելով օրենքի պահանջը՝ հրապարակում ենք փոխվարչապետի գրասենյակից ստացված գրությունն ամբողջությամբ.
«Ըստ էության, բացի ԱԳՆ ղեկավար կազմի հետ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հանդիպման փաստի հիշատակումից, նշյալ հրապարակման մեջ մնացած ամեն ինչը հորինվածք է և ապատեղեկատվություն: Սույնով առաջարկում ենք այդ կապակցությամբ հրապարակել հերքում»,- գրված է փոխվարչապետի գրասենյակի նամակում։
Կոնկրետ ինչն է ապատեղեկատվություն՝ փոխվարչապետի գրասենյակը չի մանրամասնել եւ ոչ էլ նշել, թե հանդիպման ընթացքում ինչ հարցեր են քննարկվել։ Նշենք, որ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։

Քաղաքականություն

Պատահարներ