Օրվա լրահոս

Արտաքին գործերի միակ փոխնախարար մնացած Արմեն Ղևոնդյանն դժգոհել է, որ նախարարությանը պատշաճ ներգրավված չի եղել արտաքին քաղաքական որոշումներում։

 

«ԱԳՆ-ն 20 տարվա ընթացքում, 30 տարվա ընթացքում աշխատել է և շարունակում աշխատել ի օգուտ մեր ազգային շահերի իրականացման», - լրագրողների հետ զրույցում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն այսօր կառավարության նիստից հետո։

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է ազատման դիմում գրել, պատասխանել է. «Նույն այն դրդապատճառով, ինչ որ իմ բոլոր գործընկերները»։


«Մենք ասել ենք, որ ընդհանուր առմամբ արտաքին գործերի նախարարությունը պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա արտաքին քաղաքականության որոշումներում», - հավելել է բարձրաստիճան դիվանագետը։

Նշենք, որ նրան ուղեկցում էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մտերիմն է համարվում։

Այսօր ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված չէր, թե ով է հանդիպել ԱԳՆ-ում տարածաշրջանային այցելության շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ ու նրա հետ քննարկել տարածաշրջանային առկա խնդիրները։

 

«ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարարությունում», - նշված է դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այն բանից հետո երբ Հայաստանի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ փաստաթուղթ շրջանառության մեջ դրվեց, Արա Այվազյանը ԱԳ նախարարի պաշտոնից հեռանալու դիմում ներկայացրեց։ 

 

Մայիսի 31-ին ԱԳՆ անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպմանն Այվազյանը հայտարարել էր. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»։

Այվազյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 27-ին։ Նույն այդ օրը հրաժարական էր ներկայացրել նաև նրա տեղակալներից Գագիկ Ղալաչյանը։ Արա Այվազյանի պաշտոնից ազատման դիմումը նախագահը ստորագրել էր մայիսի 31-ին։

 

Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը և Արմեն Ղևոնդյանը հրաժարականի դիմում էին ներկայացրել հունիսի 7-ին։ Փոխնախարարներն ազատման միջնորդագրերն ուղարկել էին վարչապետի աշխատակազմ, սակայն միջնորդագրերից չի ստորագրվել միայն  դեռևս Արմեն Ղևոնդյանինը։ 

Իսկ թե ինչու միակ փոխնախարարի դիմումը կառավարության կողմից չի ստորագրվել, Հանրապետության հրապարակում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լրագրողներին ասել է. «Չէր կարող ԱԳՆ-ում առհասարակ նախարարի պարտականությունները կատարող չլինել»։

 

Վերջին նորություններ