ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերժ Սարգսյանը 24 ժամ է տվել Փաշինյանին
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ աղմկահարույց փաստեր կներկայացնի Նիկոլ Փաշինյանի ու իր ընտանիքի մասին, եթե 24 ժամվա ընթացքում նա չապացուցի, որ ինքը Մոնտե Կառլոյի կազինո է այցելել։
«Երկար տարիներ Փաշինյանը և իր թիմը տարածում էր կեղծ լուրեր առ այն, որ ես Մոնտե Կառլոյի կազինոներում զինվորներից գողացված գումարը եմ կրվել։ Ես այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս, կամ նա մի փաստ պետք է ներկայացնի, կամ ես էդպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա», - հայտարարել է երրորդ նախագահը՝ քարոզարշավի շրջանակներում պատասխանելով հարցին, թե ինչու իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվել՝ հիշեցնելով բանակից գումարներ հափշտակելու ու խաղատներում պարտվելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։
Ս.Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնավարման ժամանակ այդ հայտարարություններին ընթացք չի տվել, որովհետեւ կասկածի տակ կդնեին իր ղեկավարության ներքո գտնվող իրավապահ մարմինների օբյեկտիվությունը։
«Այսօր ուժային կառույցները Փաշինյանին են ենթարկվում: Իր պապաները, որոնք սատարել են իրեն՝ գալ իշխանության, հնարավորություն ունեն աշխարհի ցանկացած անկյունում գտնել փաստեր, թող հայտնաբերեն: Եվ եթե հայտնաբերեն ես կլինեմ այս երկրի ամենավերջին մարդը: Հիմար-հիմար խոսում է Բադեն- Բադեն քաղաքի մասին չհասկանալով, որ այնտեղ կազինոն 19 դարում է եղել», - շեշտել է նա:
Երրորդ նախագահը հավաստիացրել է, որ արդեն 15 տարին Մոնտե Կառլոյում չի եղել: