Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված կեղծ տեղեկանքների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանում սովորելու վերաբերյալ տեղեկանքում առկա անճշտությունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով ապացույցներ կեղծելու համար։

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում որպես պատգամավորի թեկնածու էր ներկայացվել նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ընտրություններին որպես թեկնածու կարող են մասնակցել միայն այն անձինք, որոնք վերջին չորս տարիների ընթացքում գտնվել են ՀՀ-ում, սակայն ինչպես հայտնի է Միհրան Պողոսյանն արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում է ՌԴ-ում։ 2021թ մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը՝ Միհրան Պողոսյանին վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով:

 

Դիմումին կից ներկայացրել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 11.07.2020թ. թիվ 1360-ОД հրամանը՝ Միհրան Պողոսյանին նշված համալսարանում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի առաջին կուրս ընդունելու մասին, սակայն ներկայացրած փաստաթղթերով ժամկետի հաշվանցմամբ Միհրան Պողոսյանը դիմում տալու օրվան նախորդող 1.461 օրերից 753 օր բացակայել է ՀՀ-ից, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետը գերազանցվել է 22 օրով և նրան մերժվել է տեղեկանք տրամադրել։

 

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2021թ. մայիսի 20-ին ՀՀ ԱՎ վարչությունում ստացվել է Միհրան Պողոսյանի լիազորված անձի երկրորդ դիմումը՝ տեղեկանք տրամադրելու հարցը կրկին քննարկելու խնդրանքով և ի հավելումն նախորդ փաստաթղթի ներկայացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 15.01.2020թ. թիվ 0089- ОД հրամանը՝ 2020թ. հունվարի 25-ից մայիսի 31-ը Միհրան Պողոսյանին նշված համալսարանում նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին։

«Ներկայացված հրամանների և տեղեկանքների իսկությունը պարզելու նպատակով 22.05.2021թ. հարցում է կատարվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան:


Մինչ հարցման պատասխանը ստանալը, Միհրան Պողոսյանի լիազորված անձը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ տեղեկանքը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։

2021թ. մայիսի 25-ին դատարանն իր որոշման հիմքում դնելով նաև Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի՝ Միհրան Պողոսյանին նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին հրամանը բավարարել է հայցը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը պարտավորեցրել է տրամադրելու տեղեկանքը: Դատարանի վճիռը եղել է վերջնական, առանց բողոքարկման իրավունքի։ Ի կատարումն դատարանի վճռի՝ 25.05.2021թ. Միհրան Պողոսյանին տրվել է հայցվող տեղեկանքը:

 

Այնուհետև 26.05.2021թ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես և հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից 15.01.2020թ. թիվ 0089- ОД հրամանն արձակելու և 21.05.2021թ. թիվ 1427 տեղեկանքը տրամադրելու փաստը»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

 

Նշենք, որ վերոգրյալից զատ ներկայացվել է նաև երրորդ տեղեկանքը, որը տրվել է Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից, համաձայն որի՝ Միհրան Պողոսյանը 15.01.2020-31-05.2020թթ. ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին ։