Նիստից հետո Ռուստամ Բադասյանն առանձնազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության հարցով ԲԴԽ նիստից հետո ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն առանձնազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ։

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ԲԴԽ-ում կայացել է դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ առաջին նիստը, որին ներկա է եղել նաև ՀՀ ԱՆ նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։

ԲԴԽ նիստի ավարտից հետո, երբ դատավարության բոլոր կողմերը և ներկաներն արդեն դուրս էին եկել ԲԴԽ շենքից, Ռուստամ Բադասյանը վերադարձել է շենք, որտեղ մնացել է շուրջ մեկ ժամ։ Ընդ որում՝ այդ ընթացքում «Փաստինֆո»-ի թղթակիցը և ԲԴԽ շենքի մոտ գտնվող փաստաբանները և մյուս լրագրողներն արձանագրել են, որ ԲԴԽ շենքից դուրս են եկել Խորհրդի մյուս անդամները, հետևաբար՝ առանց նրանց մասնակցությամբ որևէ նիստ չէր կարող լինել, ուստի՝ հարց է ծագում, թե ԱՆ նախարարի պաշտոնակատարը, որը ԲԴԽ-ում քննվող կարգապահական վարույթների շրջանում կողմ է հանդիսանում, ինչ հարց պետք է քննարկեր ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հետ՝ նիստից անմիջապես հետո։

 

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության հետ՝ պարզելու, թե ինչ հարց է քննարկվել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, թե քննարկվել են դատարաններում հաստիքների ավելացման, շենքային պայմանների ապահովման հարցերը:

Նշենք, որ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։