Պատերազմից հետո Շուռնուխում տեղի է ունեցել առաջին պսակադրությունը. փեսացուն 1988 թ. պատերազմից հետո գյուղում ծնված առաջին երեխան է

Շուռնուխում այսօր 44-օրյա պատերազմից հետո տեղի է ունեցել առաջին պսակադրությունը։  
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ փեսացուն հենց Շուռնուխից է, իսկ հարսնացուն՝ Երևանից։ 
«Փեսացուն արցախյան առաջին պատերազմից հետո գյուղի առաջին ծնված երեխան է։ Այս պատերազմից հետո էլ առաջինն ինքն ամուսնացավ։ Պսակադրությունն այստեղ կատարվեց, Աստծո ցանկությամբ այսօր Վեհափառը Շուռնուխում էր, օրհնեց այդ ամուսնությունը և մի հրաշք բան դարձավ»,-նշեց Հակոբ Արշակյանը։ 
Վերջինս խորհրդանշական է համարում հարսանիքը և նշում, որ անկախ ամեն ինչից կյանքը շարունակվում է։ Պարզապես պետք է հետագա քայլերը ճիշտ կատարվեն։ 

Հակոբ Արշակյանի խոսքերով՝ փեսացուն Երևանում է աշխատում և ամենայն հավանականությամբ նորապսակներն այնտեղ կապրեն։ 
«Երևի ծնողներն այստեղ կմնան, երիտասարդները Երևան կլինեն։ Դե այդպես է լինում, եթե երեք տղա կա, մեկ-երկուսն առանձին պետք է ապրեն»,-ասաց գյուղապետը։

Քաղաքականություն