Երևանում լրագրողը Hyundai-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա

Երեկ՝ մայիսի 30-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններոմ  Երևանի բնակիչ, 34-ամյա Կառլեն Ասլանյանը իր վարած  Hyundai մակնիշի ավտոմեքենայով Պարոնյան–Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի  է ենթարկել  հետիոտն,  7-ամյա Անի Լ.-ին:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է  1-03 շտապօգնություն, օգնել է երեխային տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն:  Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողները: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ․ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝  նա եղել է սթափ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ասլանյանը «Ազատություն» ռադիոկայան լրագրողներից է, իսկ վրաերթի ենթարկված երեխան սովորում է  Երևանի դպրոցներից մեկի  1-ին դասարանում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: