Ես մնալու եմ քաղաքական պայքարի առաջնագծում. Զոհրաբյան

Թեպետ դուրս եմ եկել ԲՀԿ-ից, բայց շարունակելու եմ իմ  քաղաքական գործունեությունը և եթե տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ապա  կշարունակեմ ցուցաբերել ակտիվություն քաղաքական դաշտում: Այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն  «Ազատության» եթերում:

«Մանդատը չի՛ որոշում ամեն ինչ. էն մարդիկ են կառչած աթոռից, որոնց կյանքում մանդատից բացի առավել կարևոր բաներ չկան: Ես մնալու եմ քաղաքական պայքարի առաջնագծում: Ես ունեմ բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, հիմա դրանք բոլորը քննարկման փուլում են: Ակտիվորեն հետևելու եմ նաև այս ընտրական գործընթացներին»,- ասաց նա: 

Հարցին, թե այլ կուսակցություններից առաջարկներ ստացե՞լ է, Զոհրաբյանը տվեց ոչ հստակ պատասխան. «Առաջարկներ կան, դրանք քննարկվել են: Տարբեր հանդիպումներ են եղել, բայց ես կարծում եմ՝ այս ընտրական գործընթացին ես չեմ մասնակցի: Ինձ որոշակի «թայմ-աութ» է պետք. 2007-ից ես պատգամավոր եմ... ինձ ժամանակ է պետք այդ առաջարկները քննարկելու համար...: Ես մնալու եմ քաղաքականության մեջ: Վստահաբար, վերադառնալու եմ խորհրդարան, որովհետև կարծում եմ՝ լավ պատգամավոր եմ»: