Կառավարությունն այսօր հավանություն կտա համացանցում կեղծ լուր տարածելու համար 2-4 տարվա ազատազրկում նախատեսող օրինագծին

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում կհաստատի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին»  և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը  լրացնել նոր 226.3-րդ հոդվածով, որով պատասխանատվություն է նախատեսվում կեղծանուն աղբյուրով համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար։

Գործադիրն առաջարկվում է նման արարք կատարելու համար սահմանել 200-500 հազար դրամ տուգանք, իսկ եթե այն իրականացվել է շահադիտական նպատակով, 5 և ավել կեղծանուն աղբյուրների միջոցով և վարչական ռեսուրսի օգտագործմամբ, ապա նախատեսել 1-2 մլն դրամի տուգանք:
Նախագծի նույն հոդվածում ասվում է, որ եթե կեղծ տեղեկատվությունը հրապարակվել է կազմակերպված խմբի կողմից, ապա այդ դեպքում մեղավորները կազատազրկվեն 2-4 տարով:

Նախագծում նույնաբովանդակ կարգավորում է առաջարկվում նաև ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար: