ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զենք-զինամթերքը բերել, թողել էր Քարահունջ բնակավայրի ցուցանակի տակ ու զանգել ոստիկաններին

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը։ 

Ոստիկանությունից հայտնում են, որ Գորիսի բաժին զանգած տղամարդը հայտնել է, որ Արցախյան 2-րդ պատերազմից հետո զենք-զինամթերք էր բերել, որոնք թողել է Քարահունջ բնակավայրի ցուցանակի տակ։ 

Այդ տարածքում ոստիկանները հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 270 փամփուշտով։ ՊՊԳՎ Գորիսի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գորիսում բնակվող մի տղամարդ հանձնել է ՁՀՆ-7 տեսակի 3 նռնականետի կրակոցներ՝ լիցքավորիչով ու պայուսակով, նռնակներ ու տարբեր հրազենների և տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, բերվել էին Արցախից։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Մեղրիի բաժնում։ Հրազենը ոստիկանություն բերած տղամարդը հանձնել է նաև նռնակ, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի 45 փամփուշտ։ Արդյունավետ էր նաև Կապանի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Կապանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կարաբին» տեսակի հրազեն, բեկորային նռնակ, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի 90-ից ավելի փամփուշտ։ Նշանակվել են փորձաքննություններ։ 

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Քաղաքականություն