Պետք էր գերեվարել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին և փոխանակել մեր գերիների հետ. Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» միացել է ԲՀԿ-ի նախաձեռնությանը՝ Սյունիքի սահմանին տիրող իրավիճակի հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ արդեն ստորագրել են նախաձեռնության տակ: 

 

«ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Սյունիքում, Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի հարցն է լինելու: Ավելի շատ առիթն այն է, որ հավաքվենք, քննարկենք, համապատասխան մարմինների պատասխանատուներին հարցեր տանք: Խորհրդարանը չի կարող անմասն լինել երկրում տեղի ունեցող գործընթացներից»,-ասաց Մարուքյանը: Նա նշեց նաև, որ չի բացառում, որ ԱԺ նիստը փակ լինի, սակայն մինչև նիստ լինելը շատ քայլեր կան՝ դեռ ԱԺ խորհրդի նիստ պետք է լինի, որը պետք է որոշի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին: Մարուքյանի խոսքով՝ ընթացակարգերն այնպիսին են, որ ընդդիմությունն արտահերթ նիստ հրավիրելու հնարավորություն չունենա առհասարակ: Հարցին, թե ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ «Իմ քայլի» պատգամավորների դիրքորոշմանը ծանո՞թ է՝ Մարուքյանը բացասական պատասխան տվեց:

«Եթե խաղաղ ճանապարհով խնդիրը չլուծվի, ապա կառավարությունը ռազմական դրություն հայտարարելու իրավունք ունի, և այդ դեպքում կչեղարկվեն ընտրությունները: Սակայն կարծում եմ, որ այս պահին հնարավոր է խաղաղ հանգուցալուծում՝ չեմ կարծում ռազմական դրության կարիք կա»,-ասաց Մարուքյանը: