Քաղաքականություն

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Առուշ Առուշանյանին ազատազրկելու պահանջը. Պրոբացիայի ծառայության միջնորդությունը չի բավարարվել

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Առուշ Առուշանյանին ազատազրկելու պահանջը. Պրոբացիայի ծառայության միջնորդությունը չի բավարարվել

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ պատիժը փոխելու վերաբերյալ։


Ծառայությունը պահանջում էր վերացնել ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշումը, Առուշանյանին ուղարկել պատիժը կրելու, ինչպես նաև ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու պատժատեսակը փոխարինել իրական ազատազրկմամբ։ Դատարանի այս որոշմամբ Գորիսի համայնքապետը կշարունակի մնալ ազատության մեջ։


Հիշեցնենք, որ այս գործընթացը կտրուկ սրվել էր դեռևս 2024 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակ Գորիսի ավագանին արտահերթ նիստում քննարկել և մերժել էր Պրոբացիայի ծառայության գրությունը, որով պահանջվում էր դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունները։


Ավագանու այդ որոշումից ընդամենը երեք օր անց Պրոբացիայի ծառայությունն անմիջապես դիմեց դատարան՝ Առուշանյանին ազատազրկելու միջնորդությամբ։ 


Այն ժամանակ հարցին արձագանքել էր նաև Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ նշելով.
«Որևէ մեկս իրավասություն չունի չկատարելու դատավճիռը: Պարոն Առուշանյանը դատապարտվել է երեք հանցագործությունների համար... Պրոբացիայի ծառայությունը պարտավոր էր կազմել արձանագրություն չկատարման հիմքով և ներկայացնել միջնորդություն դատարան՝ տվյալ որոշումը վերացնելու և պայմանական դատապարտումը իրականի փոխարինելու մասին»։

Գործի նախապատմությունը՝
Առուշ Առուշանյանը դեռևս 2022 թվականի մարտին մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար։
Դատարանը նրան դատապարտել էր 6.5 ամսվա ազատազրկման, սակայն վճիռը պայմանականորեն չէր կիրառվել։ Բացի այդ, համայնքի ղեկավարը 5 տարի ժամկետով զրկվել էր տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ինչն էլ հիմք էր հանդիսացել Պրոբացիայի ծառայության հետագա պահանջների և դատական քաշքշուկների համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250