Վերջին զանգի միջոցառումները կանցկացվեն թե՞ ոչ. ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է ուղարկել դպրոցներին

Հանրապետությունում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար Վերջին զանգի միջոցառումներ կանցկացվեն, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է պահպանել համավարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները: 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մանրամասներ է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը: 

«Մենք արդեն իսկ դպրոցներին ուղարկել ենք համապատասխան շրջաբերական: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, հորդորում ենք փորձել միջացոռւմը կազմակերպել բացօթյա եղանակով, եթե, իհարկե, դրա հնարավորությունն առկա է դպրոցում՝ հնարավորինս սահմանափակելով մասնակիցների թիվը, պահպանելով անվտանգության կանոնները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: 

Նախարարի տեղակալի պաշտոնակատարը նկատել է, որ նախարարության վերջին տարիների քաղաքականությունն է զերծ մնալ ավելորդ ճոխությունից, ավելի շատ խոսվի վերջին դասի մասին: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ մեկ այլ շրջաբերականով դպրոցները զգուշացվել են այն մասին, որ զերծ մնան Վերջին զանգի դրամահավաքներից: 

«Արդեն իսկ ստանում էինք այդ գործընթացի հետ կապված ահազանգեր: Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ ցանկացած իրավիճակում խուսափել դրամահավաքներից: Կարծում եմ, որ մենք, երբ խոսում ենք ուսումնական պրոցեսը վերաիմաստավորելու մասին, կարևոր է հասկանալ, որ գումարը չէ, որով որոշվում է գործընթացին տրվող նշանակությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: