
Նախկինները չեն գա իշխանության ամեն դեպքում, քանի որ առաջարկելու նոր բան չունեն. Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, եթե խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցեն նախկին իշխանության ներկայացուցիչները, դա անուղղակի աջակցություն կլինի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
«Ես ասել եմ, որ, եթե նախկին իշխանություններն օրակարգ ունեն երկրում իշխանափոխության, ուրեմն պետք է դուրս գան գործընթացից: Որովհետև հեղափոխությունը նոր է եղել ու, եթե ժողովուրդը տեսնի իրենց ակտիվ մասնակցությունը, այդ իմաստով աջակցելու են Նիկոլ Փաշինյանին: Դա նաև կարող եք տեսնել հարցումների արդյունքներով»,- ասաց Մարուքյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ էդմոն Մարուքյանն ասաց, որ նախկին իշխանության ներկայացուցիչներին պատկանող հեռուստաալիքները փակել են իրենց եթերը իր առաջ ու այդ մարդիկ դեռևս չեն եկել իշխանության, բայց արդեն սահմանափակումներ են դրել։
Նա նշեց նաև, որ նախկինները չեն գա իշխանության ամեն դեպքում, քանի որ առաջարկելու նոր բան չունեն։ Անդրադառնալով 2018 թվականի իշխանափոխությանը, նա ասաց, որ ժողովուրդը հեղափոխություն է արել 27 տարվա դժգոհություններն ունենալով, իսկ երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց ,որ չի կարողանում իր պարտականությունները կատարել։ Մարուքյանը շեշտեց այն հանգամանքը, որ նախկին ԱԱԾ պետը այժմ Սերժ Սարգսյանին է աջակցում, իսկ նախկին ոստիկանապետը Քոչարյանին է աջակցում և սրանք այն մարդիկ են, որոնց նշանակել էր Նիկոլ Փաշինյանը։ Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք են այլընտրանքը, ում պետք է ժողովուրդն ընտրի։
Վերջինս մեղադրեց հեռուստաալիքներին և կայքերին, որ հարցումների ժամանակ պատահական մարդկանց հարցնում են մյուս քաղաքական ուժերից, սակայն իրենց մասը կտրում են։ Նա նշեց, որ վերլուծաբանները, որոնք իրենց շանսեր չեն տալիս, պարզապես վճարվում են այլ քաղաքական ուժերի կողմից։ Մարուքյանի խոսքով՝ այն վերլուծաբանները, որոնք ասում են, որ հիմա պետության լինելության հարցն է դրված, ասաց, որ իր բանավեճը այդ սեգմենտի հետ չի, այլ Նիկոլ Փաշինյանի, որ վերջինս կառավարումը տապալել է։
Նա ասաց, որ Փաշինյանը իր կողքից վանում է բոլոր խելացի մարդկանց, չի ուզում, որ իր կողքին խելացի մարդիկ լինեն և ասաց, որ «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որը հայտարարել է այն մասին, որ կոալիցիա չի կազմի։ «Մեծամասնությունը մենք ենք կազմելու ընտրություններում՝ իրենք էլ պիտի հարմարվեն դրա հետ»,-հայտարարեց Մարուքյանը։