«Ազգային» բառի անվերջ շահարկումը դեռ չի նշանակում լինել ազգային․ Էդմոն Մարուքյանի գրառումը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 
 
«Ազգային ուժ փնտրողներին 
97% հայերով բնակեցված տարածքում արդյո՞ք տարօրինակ չէ առանձին վերցրած ազգային ուժ փնտրելը, հռչակվելը կամ թախտին նստած դրան սպասելը։ 
 
Ի՞նչ է նշանակում ազգային. եթե ճիշտ խոսք ասելիս տարազով չենք ասում, ուրեմն ազգային չե՞նք։ 
 
Երբ ասում ենք` եկեք կոռուպցիայի դեմն առնենք կամ հետաքննենք պատերազմի ձախողումները, դա ազգային չէ՞։ 
 
Մենք վաղուց ազգայինը վերածել ենք պետության և այսօր ազգայինը պետականն է։ 
Ազգայինը Հանրապետությունն է։ Ազգային է ցանկացած քայլ, որը միտված է Հանրապետությունն ամրապնդելուն և հայկական պետականությունը կայացնելուն։ 
Եթե դուք զուտ ազգայինը (էթնիկականը) պետությունից բարձր եք դասում, ապա վերջում կորցնում եք պետականությունը և շարունակում զբաղվել ազգապահպան ու հայապահպան միջոցառումներով, բայց արդեն այլ պետությունների տարածքում։ 
 
"Ազգային" բառի անվերջ շահարկումը դեռ չի նշանակում լինել ազգային, բայց Հայաստանի շահերի պաշտպանությունը արդեն իսկ ինքնին ազգային է և դա պարզ ու նույնիսկ պարզունակ ճշմարտություն է։ Մեծ հաշվով` ազգային հորջորջվողները փորձում են մանիպուլացնել, իբրև թե իրենք ազգային են, իսկ մյուսները՝ ապազգային։ Սա իհարկե ընդամենը դեմագոգիա է ու պոպուլիզմի մի դրսևորում։ 
 
Բոլոր այն գաղափարախոսություններն ու ուժերը, որոնք գործում են Հայաստանում և հանուն Հայաստանի, արդեն իսկ ազգային են, և դա չի կարող լինել միայն մեկի մենաշնորհը։ 
 
Վերջապես պետք է հասկանանք, որ մենք այլևս օսմանյան հպատակներ չենք և քաղաքացիներն ենք անկախ պետության։ Պետք է հստակ ամրագրենք, որ եկել է հասունանալու և պետություն ունեցող ու պետություն կառուցող ազգ դառնալու ժամանակը, քանի որ դա է հայկական պետականության շարունակական գոյության գրավականը»։