Հասարակություն

Ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են Արցախի պատմամշակութային կոթողները, գերեզմանատները. Բաբայան

Ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են Արցախի պատմամշակութային կոթողները, գերեզմանատները. Բաբայան

Մենք ունենք տեղեկություններ, որ ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են Արցախի պատմամշակութային կոթողները, գերեզմանատները և գերեզմանաքարերը, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են՝ որպես շինանյութ, հատկապես՝ իրենց կողմից տարբեր ճանապարհների կառուցման նպատակով:

«Սա մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումն է, բարբարոսություն, որն ունի քաղաքական նպատակ: Ոչ միայն հայկական հետքը ոչնչացնում են ի սպառ, այլ նաև օգտագործում են տնտեսական նպատակներով: Կառուցելով նման ենթակառուցվածքներ՝ ադրբեջանցիները շատ ավելի դժվար են դարձնում հետագայում այդ ամենի վերականգնումը: Սա միջազգային և բարոյական նորմերի կոպիտ խախտում է», - ասել է Բաբայանը:

Այն հարցին, թե որ ճանապարհների կառուցման նպատակով են օգտագործվում գերեզմանաքարերը, ԱԳ նախարարը պատասխանել է, որ տարբեր աղբյուրներ տարբեր տվյալներ են հաղորդում, մասնավորապես՝ շրջանառվում է, որ Հադրութ-Շուշի կառուցվող ճանապարհահատվածի շինարարության մեջ են լայնորեն օգտագործում:

«Կան տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե ադրբեջանցիներն ինչպես են քանդում Հադրութի գերեզմանատները: Այս տեղեկություններն անհրաժեշտություն են առաջացնում, որ միջազգային հանրությունը ևս մշտադիտարկման առաքելություններ իրականացնի և տեղում ծանոթանա իրականությանը: Այն պետք է իրականացվի տարբեր պետական կառույցների կողմից: Ադրբեջանի կողմից իրականացվող հայկական մշակութային ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ նամակներ ենք ուղարկել միջազգային տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև հանդես եկել հայտարարություններով: Որոշ տեղաշարժեր կան: Դժբախտաբար, այս գործընթացը ժամանակատար և աշխատատար գործընթաց է, որպեսզի միջազգային կառույցները լիարժեք գործեն», - ավելացրել է Դավիթ Բաբայանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250