
Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած եւ 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: О րինագիծն ընդունվեց միաձայն, 83 «Կողմ» ձայնով:
Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի1-ին կամ 3-րդ մասով սահմանված ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց,
- 1. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի,
- 2. որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,
- 3. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:
Առաջարկվում է համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:
Նախագծում նշված են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներումը չի կիրառվում: