Օրվա լրահոս

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևանի բնակիչ, 36-ամյա և Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա երկու կին սեռական շահագործման են ենթարկում մի երրորդ կնոջ: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շահագործողներն օգտվել են այն հանգամանքից, որ կինը հոգեկան խանգարման հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ զրկված է եղել իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից: 

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերվեցին ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալներ: Պարզվեց, որ շահագործողները, բռնություն գործադրելով կամ սպառնալով, կնոջը ստիպել են մայրաքաղաքի Արցախի փողոցում, Արտաշատի խճուղում և Մասիս քաղաքում զբաղվել մարմնավաճառությամբ, և վաստակած ողջ գումարը վերցրել են»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: 

ՀՀ ոստիկանությունից նաև հայտնում են, որ ապրիլի 27-ին թրաֆինգի դեմ պայքարի բաժնի ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են կատարել Երևանի բնակչուհու հաշվառման և բնակության վայրերում: 

Շահագործող կանայք ձերբակալվել են, իսկ թրաֆիքինգի զոհը տեղափոխվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի աջակցման կենտրոն: Նախաքննությունը շարունակվում է: 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերջին նորություններ