
Կառավարությունն առաջարկում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը, 7-ը

Կառավարության այսօրվա նիստին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ ոչ աշխատանքային օրերի ցուցակից առաջարկվում է հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը, 7-ը։
Նա ասաց, թե այս նախագիծն ուղղված է ՀՀ ուժեղ տնտեսության կայացմանը։
«Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր, ՀՀ տնտեսական կյանքից, ըստ էության, ջնջում են տասը օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է հայտարարվում, այսօրվա Հայաստանի ապագայով հետաքրքրված ու դրա համար պատասխանատու յուրաքանչյուր անձ չի կարող թույլ տալ նման շռայլություն», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ այս օրենքի ընդունման դեպքում ՀՀ տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով կամ մոտ 1,5 տոկոսով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց խուճապի չմատնվել առաջարկից:
«Այս թեման շատ վաղուց հասունացած ու քննարկվող թեմա է։ Առաջարկում ենք այսօրվանից թեման քննարկել ու հասկանալ, թե ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձևավորել, ինքը շատ նուրբ, բայց կարևոր հարց է», - ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ նախագիծը պետք է ընթերցումներ անցի Ազգային ժողովում։
«Սա եկեք ընդունենք ոչ թե վերջնական քաղաքական որոշում, այլ՝ ավելի շատ առաջարկ, որն ավում է հանրությանը, մեզ բոլորիս», - ասաց վարչապետը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյան ասաց, թե դեմ է նման տեսքով նախագծին։
«Այս ոչ աշխատանքային օրերի կրճատումն էականորեն նվազեցնում է տարվա ընթացքում աշխատողների հանգստի օրերի քանակը», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ ոչ աշխատանքային օրերին էլ տնտեսությունը գրեթե ամբողջությամբ աշխատում է։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, թե շատ էական չէ 88 միլիարդով, թե 48 միլիարդ դրամով է ավելանալու, բայց էական է, որ քաջալերում են աշխատանքը և կրթության ու աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարումը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ ասաց, թե հակված է հնարավորինս շատ ոչ աշխատանքային օրերը կրճատել և դարձնել աշխատանքային:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ուսումնասիրել բոլոր շերտերը և գալ ընդհանուր եզրակացության:
Սոցապնախարարը միակ դեմ քվեարկողն էր նախագծին։