
ՌԴ-ից ՀՀ է բերվել 15 000 դեղաչափ, պիտի շարունակաբար պայմանագրեր կնքվեն և նոր խմբաքանակներ ժամանեն. նախարար

Վերջին շաբաթների ընթացքում ունենք կայուն լարված իրավիճակ, իսկ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների համամասնությունը բավական մեծ է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ունենք մոտ 2600 ծավալված մահճակալ, որոնք անընդհատ ավելացվում են, բայց այս ռեսուրսն անսահման չէ, առաջիկայում մի փոքր ավելացնելու հնարավորություն ունենք, բայց պետք է ամեն ինչ անենք, որ դրսում մնացած պացիենտներ չունենանք»,-ասաց նախարարը՝ կարևորելով հակահամաճարակային կանոնների պահպանումը։
«Կորոնավիրուսը բավական լուրջ հիվանդություն է, թողնում է հետևանքներ, և պատվաստումը այն կարևոր միջոցառումն է, որ պետք է կանխարգելի և օգնի, որ այս համաճարակի էջը փակված համարենք որոշ ժամանակ հետո»,-ասաց նա։
Անդրադառնալով պատվաստանյութերին՝ Ավանեսյանն ասաց․ «Այս պահին մենք ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվաստանյութի ձեռքբերումը։ Մենք վարում ենք երկկողմանի բանակցություններ և ունենք երկկողմանի պայմանագրեր, արդեն իսկ կնքված պայմանագրի արդյունքում ՌԴ-ից ՀՀ է բերվել 15 000 դեղաչափ, և պիտի շարունակաբար պայմանագրեր կնքվեն, և նոր խմբաքանակներ ժամանեն։ Մենք մեր ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքային կապի մեջ ենք և հույս ունենք, որ առաջիկայում կկնքվեն նոր խմբաքանակների համաձայնագրերը, և կունենանք նոր ներմուծումներ»,-ասաց նա։
Նախարարը հայտնեց նաև, որ Չինաստանի կառավարության հետ կա նախնական համաձայնություն, որ ՀՀ-ին դոնորության շրջանակում կտրամադրվի պատվաստանյութ, որն առաջիկայում ևս կժամանի ՀՀ։
«Այսինքն՝ ունենալու ենք մի շարք տարբերակներ, որոնք պիտի օգտագործվեն մեր երկրում»,-նշեց նա։