«Մենք պիտի մտածենք, որ հայոց պետականությունը չդառնա հայոց ժողովրդի անվտանգության ամենամեծ վտանգը». Դավիթ Բաբայան
Տվյալ դեպքում մենք ողջունում ենք և շատ կարևորում ենք, ինչպես Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, այնպես էլ Արցախի Առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննարկումները Վլադիմիր Պուտինի հետ: AD TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
«Բոլոր տեսակի հնարավորությունները մենք պետք է օգտագործենք և չկենտրոնանանք ներքաղաքական խնդիրների վրա: Արցախը միշտ պետք է վեր լինի այդ ամենից: Մենք միշտ խոսում ենք, որ մեր նպատակը Արցախի սուբյեկտայնության պահպանումն է աշխարհաքաղաքական»,-ասաց Բաբայանը:
Արցախի ԱԳ նախարաը նշեց, որ գերիների հարցը նաև միջազգային հանրության տիրույթում է գտնվում՝ համապատասխան կազմակերպությունների և կառույցների պատասխանատվության տիրույթում:
«Արցախի նկատմամբ որոշ շրջանակներում ատելություն կա նույնիսկ, կարծես թե ուրախանում էին, ասում էին՝ դուրս եկեք այդ տարածքից: Ո՞նց կարելի է այդպիսի բան ասել: Ոչ մի անձնական բան չկա, ես այդ մարդուն չեմ էլ ճանաչում անձնապես: Ոչ մի անգամ չեմ առնչվել նրա հետ, որ Շուշին համարել է արդբեջանական, կամ որ ասում էր՝ լավ են նայում գերիներին ադրբեջանցիները, չեմ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչել այդ անձնավորություններին, բայց այսպիսի հայտարարությունները լուրջ վնաս են հասցնում, ոտնահարում են Արցախը որպես գաղափար, որպես արժեք: Միթե մենք դա չենք հասկանում, մեզ սպասւոմ են ավելի ծանր փորձություններ, ավելի վատ զարգացումներ և ես վախենում եմ դա ասել, բայց մենք պիտի մտածենք, որ հայոց պետականությունը չդառնա հայոց ժողովրդի անվտանգության ամենամեծ վտանգը»,-ասաց Դավիթ Բաբայանը: