Փոխանցվել է նախնական` 800 մլն, որպեսզի տրամադրվեն պատվաստանյութեր` Pfizer, Astra Zeneca և Moderna ֆիրմաների. Զեյնալյան

Հայաստանն առաջիկայում պատրաստվում է ևս 800 մլն դրամի պատվաստանյութ ներկրել համաշխարհային միասնական գնումների հարթակի միջոցով։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ 
«Միասնական հարթակի հետ կա պայմանագիր։ Եթե չեմ սխալվում, արդեն իսկ փոխանցվել է նախնական գումար` 800 մլն–ի չափ, որպեսզի այնտեղից տրամադրվեն պատվաստանյութեր` Pfizer, Astra Zeneca և Moderna ֆիրմաների։ Հարթակում գրանցված են այդ 3 պատվաստանյութերը»,– ասաց Զեյնալյանը հավելելով, որ ՌԴ–ի ու միասնական հարթակի միջև բանակցություններ են ընթանում` ռուսական արտադրության «Սպուտնիկ-V» պատվաստանյութը ևս հարթակում ներառելու համար։ 

Մինչ այդ, նրա խոսքով, Հայաստանը ևս ՌԴ–ի հետ բանակցում է ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակ ներկրելու հարցի շուրջ։ 

«2000 չափաբաժին նվիրատվության ձևով տրվել է ՀՀ–ին, որոնք ներարկվել են ռիսկային խմբերի անձանց` ինֆեկցիոնիստներին, այն բժիշկներին, որոնք անմիջականորեն զբաղվում են հիվանդների բուժմամբ։ Բնականաբար, դա շատ փոքր խմբաքանակ է։ Հիմա բանակցություններ են գնում նաև ՌԴ–ի հետ իրենց պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ»,– ասաց Զեյնալյանը։ 

Astra Zeneca–ի անվտանգության մասին հարցերին Զեյնալյանը պատասխանեց, որ ԱՀԿ–ի տվյալներով՝ պատվաստանյութի ու պատվաստվողների մոտ ի հայտ եկած բարդացումների ուղիղ կապն ապացուցված չէ։ 

Զեյնալյանը նաև վստահեցրեց, որ Հայաստանում բավական մեծ է պատվաստվել ցանկացող քաղաքացիների թիվը։