Ծաղկաձորում՝ խաղատան մոտ, կրակոց արձակել են իմքայլական Հայկ Սարգսյանի ընկեր՝ «Չաղ Ռուստամը» և Արթիկի քաղաքապետը . Tert

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի քրեական անցյալով հայտնի ընկեր Ռուստամ Ստեփանյանը, նույն ինքը՝ «Չաղ Ռուստամը», երեկ Ծաղկաձորում միջադեպ է հրահրել: Ըստ ականատեսի՝ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչել, որն արձակել են Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանն ու Չաղ Ռուստամը: Այս մասին գրում է Tert.am-ը: 

Հարցին, թե ինչի՞ն է հաջորդել կրակոցը, ականատեսը հայտնեց, որ որևէ արտառոց միջադեպ կամ իրադարձություն կրակոցներից առաջ իր ուշադրությունը չի գրավել.«Տպավորություն էր, որ կրակեցին ու վերջ, պատասխան կրակոց էլ չի հնչել, չեմ լսել»:

Թե ո՞ւմ ուղղությամբ են կրակոցներ արձակել, ում է պատկանել վնասված մեքենան, ականատեսն ասաց, որ իրեն հայտնի չէ, չի ճանաչել:

Լրատվամիջոցը  պարզաբանում խնդրեց նաև Հայկ Սարգսյանից, քանի որ տեղեկություններ կար, որ առնչություն է ունեցել միջադեպին, սակայն պատգամավորը դա հերքեց. «Ես Ծաղկաձորում մի քանի ամիս առաջ եմ եղել, երեկ էլ ամբողջ օրը տնից դուրս չեմ եկել»:

Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը Ձիթհանքով գյուղից է և մարտի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ, հենց իր կազմակերպմամբ էին Ձիթհանքովի բնակիչները պաստառ պահել Նիկոլ Փաշինյանի թիկունքում:

Ռուստամ Ստեփանյանը նա 33 տարեկան է, 2016-ին ՌԴ իրավապահ մարմինների կողմից գտնվել է միջազգային հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրված եղել անձի առևանգման և սպանության հատկանիշներով: Թե ինչ ընթացք է ստացել ՌԴ-ում քրեական գործը, այս պահին որևէ կարգավիճակ ունի, թե ոչ Ռուստամ Ստեփանյանը, հայտնի չէ:

Հետգրություն. նյութում ու վերնագրում կատարվել է փոփոխություն։

«Ծաղկաձորում՝ խաղատան մոտ կրակոց արձակել են իմքայլական Հայկ Սարգսյանն ու նրա ընկեր՝ ՌԴ-ում մարդասպանության մեջ մեղադրված, քրեական անցյալով հայտնի Չաղ Ռուստամը» վերնագրի ինֆորմացիան Հայկ Սարգսյանի մասով չի համապատասխանում իրականությանը։