Ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորուստների համար Արտակ Դավթյանը մեղքի մեծ բաժին ունի. Գորգիսյան. «Փաստինֆո»

Ապրիլյան պատերազմում հայկական կողմի կրած կորուստների համար իր մեղքի մեծ բաժինն ունի ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ չցանկանալով մանրամասնել, թե ի՞նչ «մեղքի» մասին է խոսքը: 

Հիշեցնենք, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2019թ-ի մայիսի 31-ին, որի նախագահ իմքայլական Անդրանիկ Քոչարյանն այս տարվա հունվարին հայտարարել է, թե զեկույցը պատրաստ է եւ 97 էջանոց փաստաթուղթն ուղարկել է ԱԺ նախագահին։

Ինչու զեկույցը չի հրապարակվում՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գորգիսյանը հայտնեց, որ դեռևս ծանոթ է միայն ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակին:

Վերջինս չգիտի՝ ինչու՞ մինչև օրս զեկույցի վերջնական տարբերակը չի հրապարակվել.
«Այդ հարցով լավ կլինի ԱԺ նախագահին կամ հանձնաժողովի նախագահին դիմեք»,-ասաց Գորգիսյանը:

Պատգամավորը զեկույցի նախնական տարբերակին ծանոթանալով՝ եզրակացրել է, որ բավականին մանրամասն աշխատանք է արված.

«Զեկույցի մի տարբերակ էլ նույնիսկ «Լուսավոր Հայաստանն» է մշակել, որքա՞նով է զեկույցի մեր տարբերակը ներկայացված վերջնականում՝ չեմ կարող ասել, քանի որ վերջնական տարբերակին ծանոթ չեմ»,-ասաց Գորգիսյանը:

Պատգամավորի գնահատմամբ՝ հանձնաժողովը հսկայական կարևոր աշխատանք է կատարել. «Քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելով՝ մենք կարողացանք աշխատանքային մթնոլորտ ստեղծել և տիտանական աշխատանք կատարել»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի աշխատանքների հիման վրա ևս հայտարարել էր, որ Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարություն է ունեցել 2016թ․ Ապրիլյան պատերազմում, սակայն հետագայում Ա.Դավթյանը՝ Ն.Փաշինյանի առաջարկությամբ նշանակվեց ԳՇ պետ ու Ա.Քոչարյանը սկսեց խմբագրել իր ավելի վաղ հնչեցրած հայտարարությունը՝ Ա.Դավթյանի մասին։ Բացառված չէ, որ զեկույցը չի հրապարակվում հենց Ա.Դավթյանի վերաբերյալ դրվագները վերանայելու, խմբագրելու անհրաժեշտության պատճառով։