Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Մակրոնի` ֆրանսիայում կայանալիք ընտրություների վերաբերյալ հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններին Անկարայի միջամտության մասին հայտարարության համար, հայտնում է Ahval-ը:
Նախարարությունը Ֆրանսիայի նախագահի այդ խոսքերը համարել է «անընդունելի և երկրների միջև բարեկամությանն ու դաշինքին հակասող»:
Նախարարությունը նշել է, որ Մակրոնի վերջին մեկնաբանությունները խոչընդոտում են Անկարայի կողմից հարաբերությունների կարգավորման փորձերը․ «Մենք կարծում ենք, որ Մակրոնի այս հայտարարությունները ցավալի և հակասական են այն դեպքում, երբ մենք ... հանդարտությամբ և բարեկամությամբ քայլեր ենք ձեռնարկում լարվածությունը վերացնելու համար»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում առաջիկայում կայանալիք ընտրությունների վրա։
«Սպառնալիքները քողարկված չեն, ուստի ես կարծում եմ՝ մենք պետք է շատ թափանցիկ լինենք»,- ասել է Մակրոնը։
Միևնույն հարցազրույցի ընթացքում նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան Թուրքիային Եվրոպայի կարևոր գործընկերն է համարում անվտանգության ու միգրացիայի ոլորտներում և թուրքական ղեկավարության կողմից հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ազդակներ է նկատում։
Նրա խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, բայց պետք է «հստակեցնել նրա տեղն այդ դաշինքում»:

Քաղաքականություն