Ժամը 9-ից անձրեւի տակ ենք. ծերանոցի բնակիչները՝ փոխնախարարին

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում բողոքի ակցիան շարունակվում է։ Բանն այն է,որ կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում են, գրում է hraparak.am-ը: 

Ծերանոցի բնակիչները բողոքում են նաեւ տնօրենի փոփոխությունից, նոր տնօրեն է նշանակվել, նախկինն այլեւս չի աշխատում։

Տեղեկություն կա նաեւ, որ նախկին տնօրենի հետ աշխատանքից հեռացրել են ծերանոցի քսանից ավելի աշխատակից։ 

«Նոր տնօրենը հլը չեկած ստեր է խոսում։ 86 տարեկան կին եմ, նրանից շատ խելք ունեմ, մեզ ուզում է գալ տնօրե՞ն։ Հացադուլ էլ եմ անում, բայց ես կարա՞մ էդքան սոված մնամ, ես հիվանդ կին եմ, ուզում եմ շուտ լուծվի էս ամեն ինչը»,- ասաց ծերանոցի բնակիչներից մի կին: 

Քիչ առաջ այստեղ ժամանեց նաեւ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։

«Էս ի՞նչ վիճակ է, ժամը 9-ից մենք անձրևի տակ կանգնած ենք։ Էս ձեր նոր նշանակած տնօրենը ոչ մեզ է ներս թողնում, ոչ լրագրողներին»,- ասաց տարեց մի տղամարդ՝ դիմելով ծերանոց ժամանած փոխնախարարին։

Նշենք, որ նորանշանակ տնօրենը պնդում էր, թե կորոնավիրուսով պայմանավորված չի կարող լրագրողներին ներս թողնել։

«Հին տնօրենի պաշտոնավորման ժամկետը լրացել է ,նշանակվել է նոր տնօրեն։ Վերամշակման կարիք չկար, իրավական հիմքը սա է »,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը։

Քաղաքականություն