ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍՈՒ-30 ՍՄ կործանիչները ձեռք են բերվել առանց զինամթերքի. Փաշինյան
Հայաստանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչներ է գնել առանց հրթիռների: Այս մասին երեկ` մարտի 20–ին, Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման տեսանյութը վարչապետը տեղադրել է Facebook-ի իր էջում։
«Մեզ ասում են ինչի՞ եք ինքնաթիռ առել։ Այո՛, մենք ինքնաթիռ առել ենք, և, այո՛, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերեինք։ Բա ինչի՞ 26 տարվա պետությունը չի ունեցել կործանիչ ավիացիա», - Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը։
2020թ. նոյեմբերի 19-ին Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանը ձեռք է բերել ՍՈՒ-30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել։ Նա ասել էր, որ ՍՈՒ-30-ները երկում են՝ առանց զինամթերքի:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Մովսես Հակոբյանի հայտարարությունները, նշելով, որ դրանք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում։
«Բացահայտ սուտ է նաև Մովսես Հակոբյանի պնդումն այն մասին, թե ՍՈՒ-30 ՍՄ-ները հրթիռներ չունեն։ Այդ ինքնաթիռները հանդիսանում են սպառազինություն, որը պետք է վերածվեր կարողության։ Գործընթացն իրականացվել է պատերազմից առաջ և ամփոփվել պատերազմի օրերին», - ասված էր ՊՆ հայտարարության մեջ։
Իսկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասել էր, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: