Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին սկսել է վարել չափազանց վտանգավոր եկեղեցական աշխարհաքաղաքականություն. Ստեփանակերտ
Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին սկսել է վարել չափազանց վտանգավոր եկեղեցական աշխարհաքաղաքականություն: Այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի ղեկավարության հռչակած հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը:
«Ընդ որում՝ դա արվում է մի քանի ճակատով: Ե՛վ 44-օրյա պատերազմի ժամանակ, ե՛ւ հատկապես պատերազմից հետո Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը սաստիկ տուժել է: Հիմա Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է պատմա-մշակութային ցեղասպանություն: Անողոք կերպով ոչնչացվում են ճարտարապետության եւ մշակույթի հուշարձանները, եկեղեցիներն ու վանքերը, գերեզմանները՝ ինչպես հին, այնպես էլ նոր: Նպատակն է հայկական ժառանգության ոչնչացումը, հայկական բոլոր հետքերը վերացնելը, ընդ որում՝ հրամանը տալիս է անձամբ Ալիեւը իր կնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահի հետ, որն, ի դեպ, բարի կամքի դեսպան է:
Բայց այստեղ երկու միտում կա: Այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհն իմացավ Շուշիի Հովհաննես Մկրտիչի հայկական եկեղեցու (Կանաչ ժամի) ոչնչացման մասին, սկսվեցին շահարկումները: Ադրբեջանական կողմը դա ներկայացնում է որպես ռուսական եկեղեցի եւ պնդում, որ այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում: Առաջին՝ ռուսական եկեղեցին ավերվել է 20-ական թվականներին: Այն գտնվում էր Շուշիի կենտրոնում՝ ոչ հեռու այն վայրից, որտեղ մեր օրերում տեղադրվել էր Վազգեն Սարգսյանի հուշարձանը, որը ներկայումս նույնպես ոչնչացվել է ադրբեջանցի օկուպանտների կողմից: Կանաչ ժամն այսօր Շուշիի ամենահին պաշտամունքային կառույցն է: Այն առաջին հայկական եկեղեցին է, կոչվում է նաեւ «Ղարաբաղցոց», այսինքն՝ Ղարաբայան:
Շուշիի հայկական հատվածը կազմված էր թաղամասերից, եւ այնտեղ կառուցվող եկեղեցիները համապատասխանում էին դրանք բնակեցնող մարդկանց ծագման աշխարհագրությանը: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին այսպես է կոչվել Նախիջեւանում Ղազանչի գյուղի անունով: «Մեղրոցոց» եկեղեցին հիմնել են Մեղրիից եկածները: «Ագուլեցոց» եկեղեցին՝ Նախիջեւանի Ագուլիսից եկածները: Իսկ Ղարաբաղցոցը հիմնել են ղարաբաղի տարբեր շրջանների բնակիչները: Հիմա Շուշիում չկա ռուսական եկեղեցի, այն բացարձակապես այլ վայրում էր եւ կործանվել է 100 տարի առաջ: Իսկ ինչո՞ւ են նրանք այդպես անում: Առաջին հերթին, որպեսզի, իրենց կարծիքով, վատթարացնեն Ռուս ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների հարաբերությունները: Միանգամայն հնարավոր է, որ այս խորամանկ «նախագծով» նրանք փորձում են օգտագործել Ադրբեջանի ռուսական համայնքին՝ հեռուն գնացող նպատակներով:
Բայց սա էլ դեռ ամենը չէ: Ինչպես հայտնի է, ադրբեջանա-թուրքական դաշինքը բանակցություններ է վարում Վատիկանի հետ: Հեյդար Ալիեւի հիմնադրամը ֆինանսավորում է նախագծեր, Կոմոդիլի անձավների վերականգնողական աշխատանքները: Ադրբեջանական կողմը միաժամանակ խորհուրդներով եւ գործնականում Վատիկանի մասնագետներին կոչ է արել ավանդ ունենալ Արցախի օկուպացված տարածքներում պատմամշակութային ժառանգության վերականգնման գործում: Այսպիսով, նրանք փորձում են խափանել Հայ առաքելական եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները: Ավելին՝ այդ օկուպացված տարածքներում կան նաեւ ռուսական ուղղափառ եկեղեցիներ: Արդեն ոչնչացվածների թվում է Մարտունիի շրջանում ռուսական ուղղափառ եկեղեցին (ոչնչացվել է առաջին ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ): Ինչպես տեսնում ենք, Ռուս ուղղափառ եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունների վատթարացման շատ հեռու գնացող նպատակներ են:
Ադրբեջանը մտադիր է նաեւ վերստեղծել, այսպես կոչված, Ալբանական եկեղեցին: Թուրքիայի կողմից վերահսկվող Կոստանդնուպոլսի պատրիարքության միջոցով հասնել այս եկեղեցու ավտոկեֆալիային: Նախատեսվում է մշակութային կենտրոն հռչակել Դադիվանքը: Այս եկեղեցուն կտան Արցախի մի շարք հայտնի հայկական եկեղեցիներ: Նրանք դրանք չեն կարող ոչնչացնել իրենց հայտնի լինելու պատճառով, ուստի կփորձեն ոչնչացնել ոչ թե ֆիզիկապես, այլ պատմա-մշակութային առումով, ինչ նպատակով էլ ներկայացված են «վերականգնողական աշխատանքները»:
Ընդհանուր առմամբ, հստակ դիտվում է քրիստոնեական աշխարհը պառակտելու հետագիծը: Սա սպառնալիք է ներկայացնում ամբողջ քաղաքակիրթ հանրույթին»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական նավթին կփոխարինի հայկական պղինձը. Նիկոլ Փաշինյան
Շատ է նշվում այն մասին, որ Ադրբեջանը նավթ ուներ և նավթային ռեսուրսներն ինչ մեծ առավելություն տվեցին նրան, Արագածոտնի մար...
Նիկոլ Փաշինյան. «Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»
Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մ...
Բայդենը մտադրություն ունի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սպիտակ տան մամուլի քարտուղար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է կատարել Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր...
Ռուբեն Հայրապետյան. «Ալեն Սիմոնյանին թվում է, թե կարող է 3-րդ նախագահի ընտանիքի մասին ինչ ասես հաչել ու հանգիստ ապրե՞լ »
Եթե ուշադրություն դարձնեք, թե այս իշխանություններն ում են հալածել, կտեսնեք՝ բոլոր նրանց, ովքեր պայքարել են Ադրբեջանի դեմ...