ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաբխի ժայթքման ժամանակ զբոսաշրջիկները բարձրացել են խառնարան և նրբերշիկ տապակել
Կամչատկայում գտնվող Կլյուչևսկոյ հրաբխի ժայթքումը գրավել է էքստրիմի սիրահար զբոսաշրջիկների ուշադրությունը: Լավայի վրա նրբերշիկներ տապակելու և դրանք համտեսելու համար վերջիններս բարձրացել են խառնարանի եզրը, ինչն իրականում շատ վտանգավոր ելք կարող էր ունենալ:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ գիտությունների ակադեմիայի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խմբի ղեկավար Օլգա Գիրինան:
Նա նշել է՝ Կլյուչևսկոյ հրաբխի վրա ժայթքում է տեղի ունեցել փետրվարի 18-ին: Ժայթքման գոտին տեղակայված է եղել լեռան հյուսիսարևմտյան լանջին՝ ծովի մակարդակից 2850 մետր բարձրության վրա:
Չնայած նրան, որ ժայթքումը տեղի է ունեցել մոտ 1 ամիս առաջ, միայն վերջին օրերին է, որ սոցիալական ցանցերում տեղի բնակիչները սկսել են լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել այդ առնչությամբ: Հենց այս հրապարակումներից էլ պարզ է դարձել, թե ինչպես են մի խումբ անձինք բարձացել խառնարան և արտանետվող լավայի վրա տապակել նրբերշիկները: