Ի՞նչ է տեղի ունեցել դատարանի դիմաց` Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում
Այսօր այս դատարանում փորձում են դատել հայրենասիրությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրի մոտ ընթացող ակցիայի ժամանակ նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նշենք, որ քիչ անց այդ դատարանում նախատեսված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը։
«Այս դատարանում մարդիկ, որոնք հանձնել են Արցախը, փորձում են դատել այն մարդկանց, որոնք պահել եւ պաշտպանել են Արցախը: Այս դատարանում փորձում են դատել հայրենասիրությունն ու պետական մտածողությունը: Մի խումբ դավաճանների թվում է, թե իրենք կկարողանան ստիպել մեզ ընկրկել մեր արժանապատիվ ուղուց:Ոչ մի դավաճան իրավունք չունի ձեռք բարձրացնել Արցախի եւ նրա հերոսների վրա»,-ասաց նա:
Ներկաները սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան»: