Պեսկովը՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման վայրի մասին

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վայրի հարցը դեռ կհամաձայնեցվի Մոսկվայի եւ Անկարայի միջեւ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա դեռ պարզ չէ», - պատասխանել է նա այն հարցին, թե հնարավոր է արդյոք շուտով Էրդողանի այցը Ռուսաստան, կամ Պուտինի այցը Թուրքիա՝ առաջնորդների առերես հանդիպման համար: Ինչպես ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, դա «կհամաձայնեցվի դիվանագիտական ուղիներով»:

Ավելի վաղ, չորեքշաբթի օրը «Աքքույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի կառուցման հանդիսավոր արարողության շրջանակներում կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ Թուրքիայի նախագահը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի նախագահի հետ մոտալուտ առերես հանդիպում տեղի կունենա: Պուտինը համաձայնությամբ պատասխանել է՝ նշելով, որ իրենք Էրդողանի հետ «վաղուց արդեն չեն տեսնվել»։ Նա հավելել է, որ «պետք է դա անել մոտ ժամանակներս»:

Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները սահմանափակված չեն միայն երկկողմ հարցերով: «Մեր կառուցած սերտ երկխոսությունն առանցքային դեր է խաղում ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։ Մենք տեսանք թուրք-ռուսական երկխոսության իրական արդյունքները շատ ոլորտներում՝ Լիբիայից մինչև Լեռնային Ղարաբաղ, Սիրիայից մինչև շատ այլ թեմաներ», - ասել է նա։ Թուրքիայի նախագահը հավելել է, որ երկու նախագահներն էլ «վճռական են՝ զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով»: