Օրվա լրահոս

Ընդդիմության կողմից թե՛ գործողություններով, թե՛ հնչած բռնության կոչերով մենք շատ ծայրահեղ վիճակում ենք։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ 

«Ամեն հանրահավաքի ժամանակ բռնության, ապստամբության և շենքեր գրավելու կոչեր են հնչում»,-հայտարարեց Սիմոնյանը։ 

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե խոսում են շենք-շինություններ գրավելու մասին, պետք է հիշեն, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու, այս համատեքստում Սիմոնյանը հիշեցնում է նոյեմբերի 9-10-ի գիշերը տեղի ունեցած գործողությունները, ասում է՝ այդ գործողությունները ուղղորդվում էին ընդդիմության տարբեր թևերի կողմից և այդ ժամանակ դրանք կարող էին ավելի կոշտ արձագանք ստանալ․ 

«Այդ գործողությունները կատարողները օրենքի շրջանակներում ստանալու են համապատասխան պատասխան»։ 

Լրագրողները Սիմոնյանին հիշեցրին հեղափոխության օրերին Ռադիոտան շենքի գրավման մասին, ինչին ԱԺ փոխխոսնակը արձագանքեց, թե հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ․ 

«Ռադիոտուն մտնելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, այս դեպքում նույնպես քրեական գործեր կհարուցվեն, և իշխանությունը կգործի իր լիազորությունների սահմաններում»։ 

Սիմոնյանը նաև հիշեցնում է՝ այն ժամանակ ոստիկաններից մեկը փորձել է զենք կիրառել, մինչդեռ երբ տեսել է, որ ժողովուրդը բռնության տրամադրված չէ, հետ է կանգնել։ 

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե՝ եթե իշխանությունը պլանկան բարձրացնի, իրենք ևս կբարձրացնեն, Սիմոնյանն արձագանքեց․ 

«Վազգեն Մանուկյանը հին աճպարար է, որովհետև իշխանությունը պլանկա բարձրացնելու խնդիր չունի, իշխանությունը իշխանություն է, որտեղ կա ոստիկանություն, ԱԱԾ, Ներքին զորքեր և այլն, այսինքն՝ մենք իրենց հետ ինչպե՞ս պետք է պլանկա բարձրացնենք։Պարոն Մանուկյանը, կարծում եմ, իր քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտել է, ուղղակի իրեն չեն ասում, որպեսզի իր տրամադրությունը չփչանա»։ 

Ըստ Սիմոնյանի՝ ակնհայտ է, որ Վազգեն Մանուկյանը բալաստ է այսօր ընդդիմադիր ուժերի համար, և իրենք փորձում են ամեն կերպ տարանջատվել։ 

Անդրադառնալով շաբաթ օրվա հանրահավաքին՝ Սիմոնյանն ասաց՝ այնտեղ հավաքված քաղաքացիներին հարգանքով է վերաբերվում, բայց ամբողջ երկրի տարածքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է, և ՀՀ-ում որևէ ղեկավար նման բարձր վարկանիշ չի ունեցել, ինչքան այսօր Նիկոլ Փաշինյանը։ 

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը հենց այս պատճառով չցանկացավ գնալ արտահերթ ընտրությունների։

Վերջին նորություններ