
Ինչպես են շնորհավորել ռուս խաղաղապահներին Արցախում` հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ շնորհավորել են հեռավոր դիտակետերում ծառայություն իրականացնող զինծառայողներին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարության անունից զինծառայողներին հանձնվել են պատվոգրեր, ՌԴ պաշտպանության նախարարության գերատեսչական պարգևներ, իսկ ծառայության լավագույն արդյունքներ ցուցաբերած հերթապահ դիրքերին՝ արժեքավոր նվերներ:
«Տոնական օրվա ընթացքում խաղաղապահ զինվորներին ներկայացվել է Արցախի ստեղծագործական, երաժշտական, պարային կոլեկտիվների և ռազմավարական նշանակության Հրթիռային զորքերի Երգի և պարի համույթի տոնական ծրագիրը, որը մեկշաբաթյա շրջագայության ընթացքում համերգային ընդարձակ ծրագրով հանդես կգա բոլոր դիտակետերում, խմբավորման շտաբում, ինչպես նաև տեղի բնակչության համար՝ մշակույթի տանը»,-ասվում է հաղորդագության մեջ։
Ներկայում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Նրանք ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի և բնակիչների երթևեկության անվտանգությունը, պարենի և տարբեր ապրանքների փոխադրումը, ուղեկցում են ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման խնդիրներ կատարող վերանորոգման բրիգադներին և ապահովում նրանց անվտանգությունը։