
Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներց մեկը. նախարար

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ազգային ժողովում է, նա մասնակցում է փակ քննարկման Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։
Հանդիպման բաց հատվածում արտաքին գործերի նախարարը հայտարարեց՝ իրավիճակը շարունակում է բարդ մնալ, տարածաշրջանում ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները․
«Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը։ Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներց մեկը։ Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում»։
Այվազյանը շեշտեց՝ հակամարտության վերջակետը կդրվի միայն քաղաքական բանակցված կարգավորման արդյունքում, որը կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը և կհարգի բոլորի իրավունքները․
«Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը, սական նախ և առաջ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն։ Դա է վկայում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար կետերի Ադրբեջանի կողմից չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ արհեստական խոչընդոտների հարուցմամբ»։
Այվազյանը նաև հավելեց՝ Մինսկի խմբի համանախագահությունը հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, ուստի տարածաշրջանում ակնկալվում է տեսնել ուժեղ համանախագահություն, որը առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես՝ խաղաղ գործընթացի առաջմղումը։
Նախարարը նաև հավելեց՝ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի և ազդեցությունների վերադասավորում․
«Այս գործընթացի մասին դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ, բայց կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը»,-նշեց Այվազյանը։