Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանի`ժողովրդի վրա կրակելու վերաբերյալ հայտարարությանը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հորդորեց պետական կառավարման մարմինների շենքերը գրավելու մասին խոսելիս 2018թ–ին ռադիոտան շենքի գրավման օրինակն այլևս չբերել։ 
«Ռադիոտուն մտնելիս, եթե հիշում եք, ոստիկաններից մեկը զենք է փորձել կիրառել, բայց վերջին պահին ուղղակի չի կիրառել, որովհետև տեսել է, որ մարդիկ տրամադրված չեն որևիցե բռնության։ Բացի այդ, այդ ժամանակ կար եթերի խնդիր, ուստի ռադիոտան գրավումը համեմատել կառավարական առանձնատան, շենքեր գրավելու, «Ազատություն» ՌԿ մտնելու, ջարդուխուրդ անելու հետ, համարում եմ անտեղի։ Ուստի խնդրւմ եմ ռադիոտան օրինակն այլևս չբերել։ Դա շատ թույլ փաստարկված օրինակ է»,– ասաց Սիմոնյանը։ 
ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ 2018թ–ի հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ, բռնության կոչեր չեն եղել։ 

Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե կառավարական շենքերի վրա հարձակման դեպքում իշխանությունը կարող է կրակել քաղաքացիների վրա, ԱԺ փոխնախագահը վերահաստատեց պետական պահպանության տակ գտնվող շինությունները պահպանելու գաղափարը։ 
«Իշխանությունը օրենքի շրջանակում պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը։ Եթե սրա հետ կապված որևէ մեկն առարկություն ունի, ես պատրաստ եմ իր հետ բանավիճել»,– ասաց Սիմոնյանը։ 
Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր կայծակնային արագությամբ ռազմավարական նշանակության շենքեր գրավելու մասին: 
Ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ բոլորը պետք է գիտակցեն` անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, և, եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն նաև, որ դրանք գտնվում են պետական պահպանության տակ, ինչը նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ