114 մլն դրամ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում մարդկանց և զինծառայողների հետ կապված խնդիրների լուծման համար. նախարար

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը 2021թ․-ի պետական բյուջեում վերաբաշխում կատարեց և 954 մլն դրամ ուղղեց նախկինում ստանձնած պարտավորությունների կատարմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ գումարը դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների պարտավորությունների կատարման ապահովման համար է․ «99 մլն դրամն ուղղվելու է անցած տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում առաջացած պարտավորությունների մի մասի կատարմանը։ 165 մլն դրամը հատկացվելու է կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը։ 114 մլն դրամ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում մարդկանց և զինծառայողների հետ կապված խնդիրների բավարարմանը։ 543 մլն դրամ կուղղվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժումը, խնամքը և սնունդն ապահովելուն»,-ասաց Վահան Քերոբյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետարքրքվեց՝ «կոնյակի սպիրտի արտահանման ծավալները տեղի՞ են ունեցել, որ արդեն այդ տուրքի փոխհատուցումն են իրականացնում», որին ի պատասխան նախարարն ասաց․ «Սա անցած տարվա արտահանման տուրքի փոխհատուցումն է։ Այս տարվա համար 900 մլն դրամ ենք հատկացրել, որը 9 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է»։

Վահան Քերոբյանն ընդգծեց, որ այս ծրագիրն ունի նաև շղթայական ազդեցություն, այդ թվում խաղողագործության և գյուղատնտեսության զարգացման վրա։

«Արդեն երկու տարի է, ինչ խաղողագործները ճանապարհներ չեն փակում, խաղող չեն թափում։ Հաշվի առնելով անցած տարվա խիստ ծանր վիճակը կոնյակի և գինու արտահանման հարցում, կոնյակի սպիրտի այս ծրագիրը հույժ կարևոր է, որպեսզի կարողանանք մթերման ամբողջականությունն ապահովել»,-նշեց նախարարը: 

Քաղաքականություն