
Հայտնաբերվել է 25-ամյա վարորդը, ով ավտովթարից հետո մեքենան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել էր

Երեկ՝ փետրվարի 15-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք է ներկայացել Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 25-ամյա Արամ Ղևոնդյանը և հայտնել, որ փետրվարի 13-ին՝ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Mercedes Տ500 մակնիշի 89 ՍՍ 573 համարանիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում ինքն է վարել և վթարի ենթարկվել Opel մակնիշի ավտոմեքենայի հետ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը նշված ավտոմեքենան հաշվառված է Ա. Ղևոնդյանի մոր անվամբ: ճանապարհային ոստիկանությունում հետաքննություն է անցկացվում պարզելու համար՝ հայտնած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, քանի որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հետագայում պարզվել է, որ վարորդ են փոխել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամ»-ի շինղեկավարման գրասենյակի դիմաց, բախվել են դեռևս անհայտ անձի կողմից վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Արտյոմ Զաքոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Ա. Զաքոյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 26-ամյա Միքայել Քուշյանը, 16-ամյա Դավիթ Ադուլյանը, 18-ամյա Ալիկ Մեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ՝ Դ. Ադուլյանն ու Ա. Մեսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: