
Սևանը «մաքրվում» է ապօրինի շենք-շինություններից, երկաթե տնակներից ու տաղավարներից

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի էջում գրել է, որ այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ։
Նախարարի տեղեկացմամբ՝ ներկայում աշխատանքներն իրականացվում են Սևանի հանրային լողափում, հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ և Սևանի նավամատույցի հարևանությամբ գտնվող լճափնյա հատվածներում:
«Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսվարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։ Բավականին մեծածավալ աշխատանքներ են ընթանում, սակայն դրանց ծավալը կախված է նաև «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների ոչ բավարար հզորության հետ։ Արդեն մեկնարկել ենք այդ կարողությունների ընդլայնման և հզորացման գործընթացը․ շուտով ձեռք կբերվի նոր տեխնիկա, որի կիրառմամբ էլ ավելի մեծ թափով կընթանան լճի առափնյա հատվածներն արժանավայել տեսքի բերելու և կարգուկանոն հաստատելու աշխատանքները», - գրել է գերատեսչության ղեկավարը։