Երկրաշարժերի առավելագույն մագնիտուդը Երևանյան խզվածքի գոտում կարող է հասնել 6-ի

Վերջին օրերին բնությունը հիշեցնում է, որ մենք ապրում ենք սեյսմիկ առումով վտանգավոր տարածաշրջանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԳԱԱ Երկրաբանական Գիտությունների Ինստիտուտը:

 

Հաղորդագրությունում ասվում է. «Վերջին մի քանի օրում Հայաստանի տարածքում երկու միջին ուժգնության երկրաշարժեր գրանցվեցին, առաջինը Սևանի լեռնաշղթայի սահմաններում՝  Շորժայում,  (փետրվարի 5-ին, ըստ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալների М=4.7), մյուսը փետրվարի 13-ին, Մասիս քաղաքի մոտ (ըստ ՀՀ ԱԻՆ ՍՊՏԾ նախնական տվյալների М=4.7): Վերջին երկրաշարժը, որի էպիկենտրոնը ավելի մոտ էր Երևանին, հարուցեց զգալի ցնցումներ և անհանգստություն պատճառեց բնակչությանը:

Այս երկրաշարժերը կապված են տարբեր տեկտոնական կառույցների 2 տարբեր սեյսմոակտիվ խզվածքների հետ:  Փետրվարի 5-ի երկրաշարժը կապված էր Հայաստանի ամենաերկար՝ Փամբակ-Սևան-Սյունիքի ակտիվ խզվածքի հետ, իսկ փետրվարի 13-ի երկրաշարժը՝ Երևանյան խորքային խզվածքի հետ:

Նշված երկու սեյսմոակտիվ կառույցները ներառված են Հայաստանի տարածքի սեյսմոտեկտոնական մոդելում, որը մշակվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, Հայաստանի տարածքի ակտիվ խզվածքների բազմամյա հետազոտությունների տվյալների հիման վրա:

Այս Սեյսմատեկտոնական մոդելն ընկած է Հայաստանի սեյսմիկ վտանգի հավանակային գնահատականի քարտեզի հիմքում, որն իր հերթին մշակվել է միջազգային համագործակցության շրջանակներում և 2018թ. հաստատվել ՀՀ Կառավարության կողմից: Այս տվյալների հիման վրա մշակվել և կազմվել է Հայաստանի տարածքի սեյսմիկ շրջանցման քարտեզը, որը պաշտոնապես հաստատվել է 2020թ:

 

Ըստ սեյսմոտեկտոնական մոդելի, երկրաշարժերի առավելագույն մագնիտուդը Երևանյան խզվածքի գոտում կարող է հասնել 6.0-ի: Փամբակ-Սևան-Սյունիք ակտիվ խզվածքի սեյսմիկ վտանգը շատ ավելի մեծ է: Այդ խզվածքը կարող է հարուցել շատ ավելի ուժեղ, մինչև М=7.5, երկրաշարժ:

Համեմատության համար նշենք, որ Սպիտակի երկրաշարժի մագնիտուդը՝ М=6.9: Կարևոր է նաև նշել, որ ամբողջ աշխարհում ամեն տարի տեղի են ունենում, М=7-7,9 ուժգնության 9-25 երկրաշարժ, М=6-6,9 ուժգնության 120-180 երկրաշարժ, 1200-1700 երկրաշարժ, որոնց М=5-5,9 իսկ М=4-4,9  երկրաշարժերի քանակը տարեկան գերազանցում է տասնյակ հազարը։ Հայաստանի տարածքում տարեկան տեղի է ունենում ավելի քան 300 երկրաշարժ, որոնց մեծ մասի մագնիտուդը չի անցնում 2-ից: Նման ցնցումները բնակչության կողմից  չեն էլ զգացվում:

2021 թ․ փետրվարի 5-ին և 13-ին ՀՀ տարածքում  տեղի ունեցած երկրաշարժերի էպիկենտրոնները  սխեմատիկ տեկտոնական քարտեզում:

Կարևոր է նաև նշել, որ Շորժայի երկրաշարժի հիմնական ցնցումից հետո գրանցվել են բազմաթիվ ավելի թույլ ուժգնության հետցնցումներ: Նման պատկեր նկատվեց նաև 2021թ․ փետրվարի 13-ի Երևանյան երկրաշարժից հետո, ինչր  այսպիսի ուժգնության երկրաշարժից հետո նրա մարման բնականոն ընթացք է. այսպես տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում:

Դեռ պատմական ժամանակներից Երևան քաղաքի շուրջ տեղի են ունեցել երկրաշարժեր, որոնք ոչ միայն զգացվել են Երևանում, այլ նաև որոշակի ազդեցություն են թողել նրա շենքերի, շինությունների վրա:

 

Այս օջախային գոտին հայտնի է իր ակտիվությամբ: Փարաքարի (Երևանյան) առաջին գրանցված երկրաշարժը տեղի է ունեցել 1910թ. հունվարի 25-ին M=4.5 մագնիտուդով: Երևանում այն զգացվել է 6-7 բալ ուժգնությամբ: Այս գոտում առավել  հայտնի ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1937 թվականի հունվարի 25-ին` M=4.8, I=7.0 բալ, որն ուղեկցվել է Փարաքար և Արգավանդ գյուղերում շենքերի մասնակի ավերվածությամբ:

Այս օջախային գոտում գրանցվել են զգալի երկրաշարժեր՝ 1973թ. հունիսի 16-ին (M=4.0, I=5-6 բալ), 1978թ. փետրվարի 25-ին (M=4.0, I=5-6 բալ), 1984թ. օգոստոսի 2-ին (M=4.0, I=5-6 բալ), 1994թ. օգոստոսի 9-ին (M=3.0, I=4-5 բալ), 1997թ. մարտի 1-ին (M=3.7, I=5-6 բալ), 2005թ. հուլիսի 29-ին (M=3,0, I=4-5 բալ), 2007թ. ապրիլի 11-ին (M=3.0, I=4-5 բալ) և 2008թ. նոյեմբերի 4-ին (M=3.2, I=4-5 բալ):

Երևանյան խզվածքի պոտենցիալը համեմատաբար փոքր է: Այս խզվածքին բնորոշ են թույլ և միջին ուժգնության երկրաշարժերը, որոնք տեղի են ունենում բավականին մեծ հաճախականությամբ: Գործիքային ժամանակահատվածում տեղի ունեցած երկրաշարժերի վիճակագրական տվյալների համաձայն, այս օջախային գոտում M>3.0 երկրաշարժերի տեղի ունենալու հաճախականությունը մոտ 4-5 տարի է:

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ սեյսմիկ դիտարկումների գիտական ցանցը գրանցել է վերը նշված երկրաշարժերը և մոտ ժամանակում կիրականացվեն տեղի ունեցած նշանակալի ցնցումների և հետցնցումների ավելի մանրակրկիտ գիտական ուսումնասիրություններ և ստացված տվյալները կհրապարակվեն գիտական ամսագրերում։ Նմանատիպ հետազոտություն նվիրված 2019թ սեպտեմբերի 10-ի Բավրայի М=4.8 երկրաշարժին,  հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Գիտություններ Երկրի մասին տեղեկագրի 2020 թ․ 3րդ համարում։

Պատահարներ