ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շրջիկ առևտրի կետերն կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ. ի՞նչ կանոններ կգործեն

Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանում է օրենքը, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշումը: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարան:

«Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանում է օրենքը, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշումը: 

«Ավելի քան 10 տարի օրենքով սահմանվել էր շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտուր իրականացնելու հնարավորություն, սակայն կարգ գոյություն չուներ: Կատարելով օրենքի մեջ փոփոխություն՝ ավագանուն լիազորություն տրվեց որոշել՝ ինչպես իրականացնել գործունեությունը»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Շրջիկ առևտրի իրականացման համար քաղաքում 52 կետ է առանձնացվել ու կահավորվել:

Գործունեության սկսելու համար տնտեսվարողները նախ պետք է թղթային կամ էլեկտրոնային դիմում-հայտ ներկայացնեն քաղաքապետարան՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը.
1) տեղական տուրքի վճարման անդորրագիր (50 հազար դրամ),
2) դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն,
3) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,
4) շրջիկ առևտրի կետի լուսանկարներ,
5) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ
անձնագրի պատճեն,
6) Եթե դեռ չունեք շրջիկ առևտրի մեքենա, ապա քաղաքապետարան նախ պետք է ներկայացնել էսքիզային տարբերակը, ստանալ արտաքին տեսքի վերաբերյալ եզրակացություն, որը ևս կցվում է դիմումին:

 

«Եթե քաղաքացին ունի արդեն իսկ պատրաստի շրջիկ առևտրի կետը, որի վրա արդեն իսկ փակցված է գովազդ, ապա, երբ դիմում եք, դիմումն ինքնին մակագրվում է նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություն: Այսինքն՝ գործընթացը կատարվում է միաժամանակ»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:

Հայտը ներկայացնելուց հետո 6 օրվա ընթացքում շրջիկ առևտրի կետը պետք է զննություն անցնի։ Թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է դրանից հետո՝ 4 օրվա ընթացքում:

«Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահպանման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդները կարող են ունենալ մինչև 10 մետր երկարության, 2,5 մետր լայնության և 3 մետր բարձրության: Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման անկախ համակարգով»,- ընդգծում է առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Էդուարդ Ամիրաղյանը:

Թույլտվությունը ստանալուց հետո արդեն պետք է ընտրել վայրը: Ամրագրել տեղը հնարավոր է միայն էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով գործարկվել է arevtur.yerevan.am հարթակը: Այստեղ կգտնեք նաև ամբողջական տեղեկատվություն՝ թույլտվություն տրամադրելու կարգի մասին

«Դիմումը ներկայացնելիս, թողնելով էլեկտրոնային փոստի հասցեն, քաղաքացին ստանում է նամակ-պատասխանը, նաև տրամադրվում է գաղտնաբառ, որով մուտք է գործում համակարգ, ընտրում և ամրագրում: Տեղերը նշված են լինելու՝ կանաչ և կարմիր: Կանաչ կետն ընտրելով՝ կատարվում է ամրագրում անհրաժեշտ օրերի քանակով: Քանի որ թույլտվությունը տրամադրվում է ամսական վճարի դիմաց՝ հետագայում երկարացնելու համար վճարները ևս կարող եք կատարել առցանց» ,- ասում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի համակարգերի ներդրման և սպասարկման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը:

«Թույլտվություն տրամադրելու կարգը հասցրել ենք նվազագույն ժամանակատար միջոցի, որպեսզի քաղաքացին քիչ ժամանակ ծախսի և մեկ անգամ առնչվի մեզ հետ: Տնտեսվարողներն ավելի շատ ժամանակ պետք է ծախսեն իրենց բիզնեսի զարգացման համար» ,-նկատում է Հովիկ Սաֆարյանը:

Տեղերը հատկացվել են հիմնականում բուհերի, մարդաշտ վայրերի և կայարանների հարևանությամբ: Կենտրոնում ամրագրումն արվում է 1 օր, Արաբկիրում՝ 2 օր և մյուս վարչական շրջաններում մինչև 3 օր ժամկետով: Այսպիսով՝ բոլոր տնտեսվարողների համար կապահովվեն հավասար մրցակցության պայմաններ: Չեղարկել ամրագրումը հնարավոր չէ: Առևտրի շրջիկ կետերը կգործեն օրական 14 ժամից ոչ ավելի՝ մինչև ժամը 23:00-ն: Այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանի չափորոշիչները կամ կգործեն առանց թույլտվության, կտուգանվեն:

«Առանց թույլտվության կամ պայմանները խախտելու դեպքում առաջին անգամ նախատեսվում է 100 հազար դրամի չափով տուգանք, իսկ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամ: Տուգանքներին գումարվում է նաև տարհանումը»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը:

Օրենսդրական փոփոխություններն արվել են՝ հաշվի առնելով տնտեսվարողների դիտարկումները: Քաղաքային իշխանությունը շարունակելու է համագործակցությունը»: