Ադրբեջանում դեռ 120-ից ավելի հայ ռազմագերիներ կան. Հաագայում ՀՀ դեսպան

Նիդերլանդական Weekblad Elsevier հեղինակավոր պարբերականը հրապարակել է Հաագայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը, որը ներկայացնում ենք ստորև. 
 
- Պատերազմն ավարտվեց նոյեմբերին, այնպես չէ՞: 
 
- Ադրբեջանում դեռ 120-ից ավելի հայ ռազմագերիներ կան: Գերիներից մեկը պատմել է, որ իրեն ծեծի են ենթարկել՝ պարտադրելով «խոստովանել», որ մասնակցելով 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմին՝ ադրբեջանցիների է սպանել: Այդ ժամանակ նա տակավին ծնված չէր: Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական ծանր հանցագործություններ: 
 
- Ի՞նչ նկատի ունեք: 
 
- Խոսքը ոչ միայն ռազմագերիների խոշտանգման այլև եկեղեցիների ու գերեզմանատների սրբապղծման մասին է: Կան բազմաթիվ ապացույցներ, որ ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայերի և նրանք իսկ տեսանյութեր և լուսանկարներ են տեղադրել սոցիալական ցանցերում: Ադրբեջանական կողմը դրանով փորձում է ներկայանալ՝ որպես գերակայող ուժ հոգեբանական պատերազմ մղելով: 
 
-Ըստ հայկական կողմի` Թուրքիան նույնպես ներգրավված է եղել պատերազմում: 
 
-Թուրքիայի կառավարությունը ջիհադիստներին Սիրիայից ուղարկեց կռվելու Հայաստանի դեմ, նրանք Սիրիայի սահմանակից շրջաններից օդանավերով տեղափոխվել են Ստամբուլ և Անկարա, որտեղից էլ ուղարկվել են Բաքու։ Նրանց քանակը 2000-ից ավելին էր, որոնցից երկու հարյուրը սպանվեցին: Էրդողանը բացահայտ հայտարարեց. «Մենք պատրաստվում ենք ավարտել այն, ինչ սկսել են մեր նախնիները»: Եվրոպան աչքերը փակում է կատարվողի վրա: 
 
- Իսկ ինչո՞ւ պետք է Եվրոպան լռեր: 
 
- Ըստ ոմանց դրա պատճառը Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազն ու նավթն են: Ռուսասատանը ևս գազ ու նավթ է մատակարարում Եվրոպա, սակայն դա չխանգարեց Ալեքսեյ Նավալնու ենթադրյալ թունավորման պատճառով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել։ 
 
- Այդ դեպքում ի՞նչ կարող է անել Եվրոպան: 
 
- Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի հրամանատարության դեմ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ դեմ։ Տիկին Ալիևան Ադրբեջանի փոխնախագահն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանն է: Փարիզի և Միլանի բուտիկներում գնումներ կատարելու հնարավորությունից նրան զրկելը ուժեղ ազդակ կլիներ: 
 
-Իսկ Նիդերլանդնե՞րը: 
 
-Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկն ասում է, որ ենթադրյալ ռազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն: Արդյո՞ք պետք է քննել, թե հայը, որին գլխատել են, իրոք մահացել է: Ինչո՞ւ Նիդերլանդները առաջատար դեր չի ստանձնում: Չէ՞ որ Նիդերլանդները աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության չեմպիոնն է: