Գագիկ Ջհանգիրյանն ԲԴԽ անդամներին առաջարկում է քննարկել տարիքային շեմի սահմանափակման խնդիրը

Իրավագետ, ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը վտանգավոր է համարել ԲԴԽ նախագահ Վարդազարյանի հայտարարությունը, որ ինչպես ԲԴԽ դատավոր անդամի դեպքում, այնպես էլ ԲԴԽ անդամ իրավաբան-գիտնականի համար գործում է տարիքային սահմանափակման դրույթը:

«Ես կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել ու խնդիրն իրավաբանական տեսանկյունից քննարկել: Եթե իրենք այսօր հայտարարում են, թե ԲԴԽ նախորդ նախագահ Գագիկ Հարությունյանի ընտրությունն այդ պաշտոնում եղել է հակասահմանադրական, Դատական օրենսգրքի դրույթներին հակասող, ուրեմն՝ ԲԴԽ դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր միջնորդությունները հակասահմանադրական են, ավելին՝ այդ դատարաններն ու դատավորները ոչ պատշաճ դատարաններ ու դատավորներ են, հետևաբար՝ նրանց կողմից այս երկու տարվա ընթացքում արձակված բոլոր դատական ակտերն ու որոշումները բեկանելի են, ապօրինի են»,- ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպումից հետո հայտարարեց Ջհանգիրյանը:

Նրա խոսքով, եթե այդ միտքն արտահայտած լիներ որևէ անհատ իրավաբան, ինքը կհասկանար: «Բայց դա բարձրաձայնում է ԲԴԽ նախագահը»,- նշեց նա՝ հավելելով, որ հրավերի դեպքում պատրաստ է ԲԴԽ անդամների քննարկել այդ հարցը:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպմանը՝ Ջհանգիրյանը նշեց. «Լուսավոր Հայաստանի» որոշումը չգիտեմ, բայց ինձ թվում է՝ նրանց բոլոր կասկածները փարատեցի»:

Քաղաքականություն

Պատահարներ