Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը նոր պաշտոն է ստացել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասել է, որ դեռ ամռանն է ստացել առաջարկը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանից, սակայն հաշվի առնելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակն ու պատերազմը, պաշտոնական ձևակերպումը հետաձգվել էր։

2019 թվականի հոկտեմբերի 19-ին Մնացականյանը Facebook-ում գրառում էր արել ու հայտարարել թաղապետի պաշտոնից հրաժարվելու մասին։ Նա նշել էր, որ իր որոշումը քաղաքական ենթատեքստ չունի, այլ պայմանավորված է քաղաքին ու երկրին ավելի շատ օգուտ տալու ցանկությամբ։ Միաժամանակ Մնացականյանը վստահեցրել էր, որ ոչ մի դեպքում չի խզելու կապերը գործընկերների թիմի հետ։  

Ավելի ուշ մամուլում գրում էին, որ նրա հրաժարականը կարող է կապված լինել ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա ու Մնացականյանի կնքահայր Միքայել Մինասյանի քաղաքական հայտարարությունների հետ։ Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, մեկնաբանելով այդ լուրերը, լրագրողներին ասել էր, որ Միքայել Մինասյանի հայտարարությունները ոչ մի կապ չունեն Երևանի քաղաքապետարանի հետ, այդ պատճառով նա չի ցանկանում մեկնաբանել այդ արտահայտությունները։ Մնացականյանն ասել էր, որ Միքայել Մինասյանի սանիկ լինելը չի նշանակում «նրա խարանը կրել»։

 

Քաղաքականություն

Պատահարներ